National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2021
Ամենաշատ լուսաբանված պետական կառույցներից մեկը՝ ԱԺ-ն, ներկայացնում է «օրենսդիր մարմին-զլմ» հարաբերությունները կոնկրետ փաստերով
1 / 4

Մամուլի ազատության օրվա առթիվ ԱԺ-ն՝ որպես ամենաշատ լուսաբանված պետական կառույցներից մեկը, ներկայացնում է «օրենսդիր մարմին-զլմ» հարաբերությունները կոնկրետ փաստերով:

2021 թվականին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրվել է 255 լրագրող ու օպերատոր ընդհանուր թվով 86 լրատվամիջոցներից: ՀՀ ԱԺ աշխատակազմը 2019-ին ստացել է 130, իսկ 2020-ին 107 գրավոր հարցում: Համեմատության համար նշենք, որ 2017-2018 թթ. գրավոր հարցումների թիվը 70-ն էր:

Մամուլի ազատության թեմային անդրադարձավ առաջինը Եվրոպական խորհրդարանական ասամբլեան՝ դեռեւս 1979 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ սահմանելով. «Ժողովրդավարությունը կարող է պատշաճ կերպով գործել միայն այն դեպքում, եթե ողջ ժողովուրդը եւ նրա կողմից ընտրված ներկայացուցիչները լիովին իրազեկված են»: Լիովին իրազեկված լինելու իրավունքն այժմ ամրագրված է աշխարհի գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններում: ՀՀ-ում խոսքի ազատության իրավական երաշխիքներից առանցքայինը Սահմանադրության 42-րդ հոդվածում ամփոփված դրույթներն են: Մայր օրենքի այդ կետը ներկայացնում ենք ամենայն հարգանքով եւ ամբողջությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:
 
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»:

Տեղեկություն փնտրելու եւ ստանալու իրավունքը հռչակվել է նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներով: Այստեղ նույնպես ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղեկություն եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու իրավունք տեղեկատվության ցանկացած միջոցներով եւ անկախ պետական սահմաններից: Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների հաջողված քայլերից էր 2003 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:
 
Ներկայում ՀՀ-ում զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների գործունեությունը կանոնակարգվում է հետեւյալ օրենքներով՝ «Տեղեկատվության ազատության մասին» /23.09.2003/, «Զանգվածային լրատվության մասին» /ընդունվել է 13.12.2003/, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» /15.06.2006/, «Տեսալսողական մեդիայի մասին» /16.07.2020/:

Վերոհիշյալ օրենքներով ՀՀ-ում խոսքի իրավունքն ամբողջովին պաշտպանված է: Որեւէ ոտնձգություն մամուլի նկատմամբ պատժվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում նախատեսված պատիժներն ու տուգանքները հետեւյալն են.
 
ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 164 «1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
 
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am